Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ՝ համայնքային հողատարածքներն ապօրինի օտարելով իր մտերիմին, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբրև աճուրդն օրինական է։ Նա մտերիմին 7,7 միլիոն դրամ արժողությամբ 3 հողակտոր օտարելու նպատակով անցկացրել է կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձորի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքի 2 դրվագ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական դիրքի չարաշահում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան, ասված է հրապարակման մեջ։
