18 դեկտեմբերի 2025 – 17:39 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան–ՆԱՏՕ գործընկերությանն առնչվող հարցերին և դրա հետագա զարգացման հեռանկարներին։
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին հյուրընկալելու և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար։
Քննարկվել է նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը, ինչպես նաև դրան հաջորդած զարգացումները։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցության բացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, մասնավորապես՝ TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունների շուրջ։
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի այցը տարածաշրջանային է։ Նա կայցելի նաև Բաքու։