«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը
– «Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»,- հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Պարո՛ն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանության այս խնդրանքը:
– Նախ պետք է ուշադրություն դարձնել, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը չի դիմել Եվրոպային, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարի միջոցներ ձեռք բերելու համար կամ ադրբեջանական քարոզչության դեմ պայքարելու համար, այլ՝ ինչ-որ վերացական հիբրիդային պատերազմի, որը ենթադրվում է, որ, այո՛, ուղղված է իշխանության դեմ, այլ ոչ թե՝ պետության, որովհետև այս կոնտեքստում դժվար է ձևակերպել, թե այդ ինչ տեղեկատվական աջակցություն պետք է ցուցաբերի ԵՄ-ն, որով կապահովի Հայաստանի պետականությունը և ոչ թե, ասենք, իշխող ուժի շահերը:
Սա մի կողմից, իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ իշխանությունները դիմել են ԵՄ-ին, որպեսզի ստանան քարոզչական նպատակների համար գումար, որովհետև եթե մենք վերցնենք մոլդովական սցենարը, ապա այնտեղ պետական մարմինները հստակ դիմել են վարչարարության ու արգելել ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ընտրություններին: Դա այսպես թե այնպես մեր տարբեր պետական մարմիններ կարող էին անել, բայց նախքան նման քայլի դիմելը անհրաժեշտ է տեղեկատվական նախապատրաստություն իրականացնել, որն արդեն ծախսատար մասն է, հետևաբար ես կարծում եմ, որ այս գումարի զգալի մասն իրենք ուղղելու են հենց այս տեղեկատվական նախապատրաստությանը, որպեսզի ընտրությունների ժամանակ կարողանան այս կամ այն ուժի թույլ չտալ մասնակցել:
– Կարծում եք, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնց իշխանությունը թույլ չի՞ տա մասնակցել ընտրություններին:
– Այո՛, կարծում եմ, որ ամեն ինչ դրան է գնում, որովհետև երբ մենք խոսում ենք մոլդովական սցենարի մասին, ու իրենք ասում են, որ մոլդովական փորձն այստեղ կիրառելու նպատակ ունեն, մոլդովական փորձը զուտ դա է: Այսինքն՝ այնտեղ երկրի ներսում նախագահ Մայա Սանդուն մեծամասնություն չուներ, դա ընտրությունների արդյունքներով շատ ակնհայտ էր: Նա կարողացել է ընտրություններում հաղթել բացառապես Եվրոպայում գտնվող քաղաքացիների հաշվին՝ թույլ չտալով նաև քվեարկել Ռուսաստանում գտնվող իրենց համերկրացիներին:
Տվյալ դեպքում Փաշինյանը հնարավորություն չունի վերընտրվելու Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ապրող հայերի ձայների միջոցով, որովհետև մեր օրենսդրությամբ դա արգելվում է, ակնհայտ է նաև, որ Փաշինյանն էլ չունի մեծամասնություն, մեծամասնություն նա կարող է ստանալ միայն իր ընդդիմախոսներին բանտարկելով ու ընդդիմությանն արգելելով մասնակցել ընտրություններին:
– Տեղեկատվական նախապատրաստություն իրականացնել ասելով ի՞նչ նկատի ունեք, պարո՛ն Խաժակյան, ի՞նչ է անելու իշխանությունը:
– Սա ենթադրում է, որ իշխանությանը սատարող ՀԿ-ները, պրոպագանդիստները ստանալու են գրանտային միջոցներ, որով իրականացնելու են հիբրիդային պատերազմների մասին տարբեր ծրագրեր, որոնք շարունակելու են Հանրային հեռուստատեսությամբ օրը մեջ եթեր ստանալ ու մարդկանց քարոզել, որ այս-այս ուժերը Ռուսաստանից ֆինանսավորվող ուժեր են: Ինչո՞ւ դա չի անում իրավապահ համակարգը, որովհետև չկան համապատասխան փաստական հիմքեր, ինչո՞ւ են սրանով զբաղվում քարոզիչները, որպեսզի մարդկանց կարծիքի վրա ազդեցություն ունենան:
Մեր օրենսդրությամբ, այսպես թե այնպես, կուսակցությունների օտարերկրյա ֆինանսավորումն արգելված է, ուստի եթե իրավապահ համակարգը զբաղվելու խնդիր ունենար, ապա վաղուց կզբաղվեր: Մենք փաստորեն բացառման սկզբունքով հասնում ենք նրան, որ այս գումարը պետք է դառնա քարոզչության գումար, և իշխանությունները դիմում են եվրոպական մարմիններին՝ իրենց ընդդիմախոսների դեմ քարոզչություն իրականացնելու համար:
– Ստացվում է, որ հակառուսականությո՞ւնն է ակտիվանալու առաջիկայում:
– Դա Եվրամիությանը վաճառքի միջոց է, այսինքն՝ որպեսզի կարողանան նրանց հիմնավորել, թե ինչի համար է պետք այդ գումարը: Հավատացեք ինձ, եթե լիներ մի ընդդիմադիր ուժ, որը, օրինակ՝ պրոֆրանսիական, պրոգերմանական է, էական չէ, բայց այս իշխանության ընդդիմախոսն է, ապա վստահաբար նրանց դեմ էլ էին պայքարելու:
– Իսկ այդ գումարային օգնության դիմաց ի՞նչ է ստանում ԵՄ-ն:
– Փաշինյանի շարունակական լոյալությունը, որովհետև ԵՄ-ի, ինչպես նաև ցանկացած այլ աշխարհաքաղաքական կենտրոնի համար, որքան մեզ նման երկրներում իրենց կամքը կատարող ղեկավարներ լինեն, այնքան լավ, դա հասկանալի է: Հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ-Ռուսաստան հակադրությունը էական փոփոխություն է ապրել ու հիմա ավելի շատ ԵՄ-Ռուսաստան հակադրությունն է ակտուալ, իրենք այս իմաստով փորձում են աջակիցներ ձեռք բերել իրենց համար կամ պահպանել, որովհետև միայնակ են մնացել իրենց հնարած հակառուսական սպառնալիքի դեմ, ու դրա համար եթե կա մի պետություն՝ ի դեմս Հայաստանի, որը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղել, կապ չունի այդ պետության համար ինչ գնով, իրենց համար սա կարող է առաջնահերթություն լինել:
– Ստացվում է, որ համաձայն չեք իշխանության այն պնդումներին, որ այս գումարը միտված է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը:
– Ակնհայտ է, որ դա այդպես չէ: Ժողովրդավարության զարգացման համար Հայաստանում պետք է այս ընտրություններին ընդառաջ հրաժարվել կայուն մեծամասնությունից, ժողովրդավարության զարգացման համար պետք էր թողնել, որ ՏԻՄ-երը ազատ շնչեին, ընդդիմադիր ղեկավարները ընտրվեին ու չկալանավորվեին: Իրենք սա չեն արել, իսկ դա գումար չպահանջող գործընթաց է: Դրա համար ես նայում եմ, թե ինչի համար է գումար պետք, նույնիսկ եթե դրա անունը դնենք ժողովրդավարություն, էլի հանգում ենք քարոզչությանը: Նրանք քարոզչության համար են գումար վերցնում, ՔՊ-ականները իրենց աշխատավարձերը ստանում են պետական մարմիններից, բայց այն մարդիկ, որոնք ՔՊ-ականներից ոչ պակաս գործ են անում, որոնց անունները ես տվեցի, իրենց ֆինանսավորման հարցը ինչ-որ կերպ պետք է լուծել, ու ահա իշխանությունը պետական մակարդակով քարոզիչների ֆինանսավորման հարցն է լուծում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am