Փոխհատուցում են ստանում այն շահառուները, որոնք աշխատում են իրենց բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորության վրա

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կառավարությունը 311 մլն 348 հազար դրամ է հատկացրել մարզային դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։
ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում կատարված վերաբաշխման շնորհիվ ծրագրի շահառուները կստանան սահմանված ֆինանսավորումը՝ ըստ փաստացի հաճախումների։
Ծրագրի շրջանակում փոխհատուցում են ստանում մարզային հաստատությունների այն մանկավարժական աշխատողները՝ ներառյալ զինղեկները, հոգեբաններն ու ուսուցչի օգնականները, որոնք աշխատում են իրենց բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորության վրա։
Հիմնական պայմանը նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով ծանրաբեռնվածությունն է, սակայն սահմանամերձ համայնքների ուսուցիչների համար այս սահմանափակումը չի գործում։
Տրանսպորտային աջակցություն է տրամադրվում նաև այն աշակերտներին, որոնք իրենց բնակավայրում համապատասխան կրթական ծրագրի կամ հոսքերի բացակայության պատճառով ստիպված են ուսում ստանալ այլ բնակավայրի դպրոցում։
Որոշմամբ նաև ճշգրտվել են ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերից շահառուների թվի փոփոխությունը։ Ֆինանսավորման գործընթացը կանոնակարգվում է կառավարության սահմանած հատուկ կարգով, ինչը նպատակ ունի ապահովել կրթության հասանելիությունը և աջակցել մարզերում աշխատող մասնագետներին։