Շահրամանյանին հարցաքննության կանչելը, խուզարկությունները պատահականություն չեն. Ռոման Երիցյան

18 Դեկտեմբերի, 2025

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՔԿ է հրավիրվել ավելի վաղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունների համատեքստում, ըստ որոնց գերեվարված պաշտոնյաների կորդինատներն ադրբեջանական կողմին տրամադրել է Շահրամանյանը։ Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արցախի նախկին նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Արցախի նախագահը քիչ առաջ հայտարարեց, որ դրանք բացարձակ սուտ են, տարածվել են հայ հասարակությանը մոլորեցնելու նպատակով։  Նաև հասկանալի է, որ եթե նման բան լիներ, Ադրբեջանի հատուկ ծառայություններն այդ տեղեկատվությունը տրամադրողին վերջ ի վերջո չէին բացահայտի»,-ասաց փաստաբանը։

Նա համոզմունք հայտնեց, սա միտումնավոր տարածվող տեղեկություն է այն համատեքստում, որ այդ թվում Արցախի նախկին նախագահն Արցախի էջը փակված չի համարում։

«Ես նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ չեմ կարող հրապարակել։ Ես կարծում եմ, որ սա պատահականություն չէ, ինչպես պատահականություն չէ Արցախի ներկայացուցչություն տեղի ունեցած խուզարկությունը, պատմության դասագրքի հետ կապված դատական նիստի ավարտին Արցախի նախագահի ճեպազրույցից հետո Շահրամանյանին հարցաքննության կանչելը։ Կարծում եմ, սա պատահականություն չէ»,-ասաց Երիցյանը՝ նշելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունները տարածել են նաև Հայաստանի իշխանամերձ շրջանակները։

Երիցյանի խոսքով, այս ամենի նպատակն է լռեցնել արցախցիներին, նա չի բացառում, որ բանը հասնի Շահրամանյանի ձերբակալության։

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ռեպրեսիա, գործողություն հնարավոր եմ համարում»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment