18 դեկտեմբերի 2025 – 15:28 AMT
PanARMENIAN.Net – Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն, արձագանքելով ադրբեջանական կառավարությանը կից գործող կայքերի և Հայաստանի որոշ շրջանակների տարածած այն պնդումներին, թե իբր իր կողմից են փոխանցվել Բաքվին գերեվարված անձանց կոորդինատները, հայտարարել է, որ դա սուտ է։
«Դա ոչ միայն սուտ է, այլ՝ հորինված թեզեր են հայկական կողմին մոլորեցնելու համար։ Փաստաբան Ռոման Երիցյանը երեկ անդրադարձել է, թե ինչպես են գերեվարվել այդ անձինք»,-ասել է Շահրամանյանը, հայտնում է Aysor.am-ը։
Անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին, թե Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստան տեղափոխվելու ընթացքում ինչ-որ տվյալներ են տրվել ադրբեջանական կողմին, Շահրամանյանն ասել է, որ ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, թե ով որտեղ է։
«Ոչ ոք թաքնված չէր, ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, թե ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, բունկերում, անտառում կամ այլընտրանքային ճանապարհներով դուրս գալիս։ Նա փորձել է տեղափոխվել այդ ժամանակ գործող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով, շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր։ Նա չի թաքնվել՝ շատ լավ իմանալով, որ ադրբեջանական կողմից կա իրեն գերեվարելու որոշում։ Անտրամաբանական է նշել, թե ինչ-որ մեկը պետք է Վարդանյանի կոորդինատները տրամադրեր՝ ձերբակալելու համար»,-ասել է Շահրամանյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։
Ցմահ ազատազրկում են պահանջել նաև Ռուբեն Վարդանյանի համար, որի գործն առանձին է քննվում։