18 դեկտեմբերի 2025 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ու պատանդների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում պահվող գերիների հարազատները զրկված են ուղիղ տեղեկատվությունից, քանի որ Կարմիր խաչի տեսակցությունները դադարեցվել են դեռևս հունիսին։
«Ադրբեջանի բանտերում պահվող hայ գերիների, պատանդների հարազատները, ընտանիքներն անմիջական տեղեկատվություն չունեն հունիսից ի վեր, երբ փաստացի արգելվեցին Կարմիր Խաչի տեսակցությունները, չնայած Կարմիր խաչն իր գործունեությունը ամիսներ անց՝ փաստացի սեպտեմբերին»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Սահակյանը տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ի միջոցով որոշակի փաստաթղթային տվյալներ ձեռք են բերվել՝ կապված գերիների առողջական վիճակի ու պահման պայմանների հետ։ Սակայն նա ընդգծել է, որ տվյալ տեղեկությունները չեն կարող համարվել ամբողջական կամ հուսալի, քանի որ կազմված են ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալների հիման վրա։
«Տեղեկատվությունը ստացել ենք հուլիսին, միաժամանկ դատարանը նոր ժամկետ էր տրամադրել. նոյեմբերին պետք է տեղեկատվություն տրամադրեր ադրբեջանական կողմը։ Սակայն տեղեկատվությունը չենք ստացել, քանի որ Ադրբեջանը դատարանից լրացուցիչ ժամկետ է խնդրել տեղեկություններն ամբողջացնելու, թարգմանությունները կազմակերպելու նպատակով։ Այս պահին ակնակալում ենք այդ հաշվետվությունը ստանալ հունվար ամսին»,-ասել է Սահակյանը։
Իրավաբանը շեշտել է, որ այս փաստաթղթերում հաճախ հանդիպել են ակնհայտ սխալների ու խեղաթյուրված տվյալների՝ առաջ բերելով դրանց արժանահավատության նկատմամբ լուրջ կասկածներ։
«Մենք բազմիցս հայտնաբերել ենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց կամ բժիշկների կողմից կազմված փաստաթղթերում բացահայտ անճշտություններ, անհամապատասխանություններ։ Թեև տեղեկատվությունը տրամադրվում է, սակայն դրա արժանահավատությունը կասկածի տակ է։ Եթե ամփոփենք, ապա այս պահին ստույգ, արժանահավատ որևէ տեղեկատվություն ստանալու խողովակ գոյություն չունի, հայ պատանդները գտնվում են բացարձակ մեկուսացման պայմաններում»,–ասել է նա։
Գերիների մեկուսացումը ճեղքելու հնարավոր տարբերակներից Սահակյանը դիտարկել է հյուպատոսական այցելությունները, այդ թվում միջնորդավորված։ Նա նշել է, որ միջազգային փորձը նման այցերի իրականացման նախադեպեր ունի։
«Ամիսներ առաջ մենք դիմել ենք Շվեյցարիայի Համադաշնությանը, նրանք հայտնել են պատրաստակամություն իրականացնելու նման մարդասիրական առաքելություն պայմանավոր, որ պահանջը ներկայացվի ՀՀ իշխանությունների կողմից։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս պահին այդ իրավունքը ի շահ մեր հայ պատանդների չի իրացվում»,–ասել է իրավապաշտպանը։
Սա տեղի է ունեցել, չնայած այն հանգամանքին, որ շուրջ քսան հասարակական կազմակերպություններ դիմել են ԱԳ նախարարությանը՝ խնդրելով ներգրավվել չեզոք երրորդ երկիր՝ այդ թվում՝ Շվեյցարիան։
Անդրադառնալով վերջերս Բաքու մեկնած քաղհասարակության ներկայացուցիչների՝ գերիներին տեսակցելու ձախողված փորձին, Սահակյանը նշել է, որ նման այցելությունները հնարավոր են միայն Հայաստանի պետության պաշտոնական երաշխավորությամբ։
«Սա Բաքվի բարի կամքի արդյունք կարող էր լինել։ Հասարակական կազմակերպությունները, ի տարբերություն կառավարության, չունեն օտար երկրում այցելություններ կազմակերպելու իրավունք, իրավատերը պետությունն է, որը կարող է իր երկրի սահմաններից դուրս պահվող իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու տեսակցել ու տրամադրել հյուպատոսական ծառայություններ։ Միջազգային իրավունքը՝ մասնավորապես Վիեննայի կոնվենցիաները երաշխավորում են սուվերեն պետությունների իրավունքը՝ իրենց քաղաքացիներին տեսակցելու, որևէ իրավունք այս առումով վերապահված չէ հասարակական կազմակերպություններին։ Սա շատ դրական ժեստ կլիներ, որը կմեծացներ Ադրբեջանի հեղինակությունը։ Սակայն կարծում եմ, քաղաքական շահերը և հեղինակությունը հակադրվել են, ու Բաքվի իշխանություններն ընտրել են հենց քաղաքական հետաքրքրությունները»,–ասել է Սահակյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։ Ցմահ ազատազրկում են պահանջել նաև Ռուբեն Վարդանյանի համար, որի գործն առանձին է քննվում։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։