Դա պետք է եպիսկոպոսաց դասի որոշումը լինի, եթե ինձանից կարծիք հարցնեն այդ հարցի շուրջ, ես կարծիք կարտահայտեմ․ Փաշինյանը՝ Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է իր կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին շրջանառվող տեսակետները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ ինքը պատրաստվո՞ւմ է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նշանակել կաթողիկոսի տեղապահ։ 

«Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա պետք է եպիսկոպոսաց դասի որոշումը լինի։ Եթե ինձանից կարծիք հարցնեն այդ հարցի շուրջ, ես կարծիք կարտահայտեմ, եթե չհարցնեն, ապա չեմ արտահայտի»,-ասաց վարչապետը։ 

Փաշինյանի բնորոշմամբ՝ նրանք, ովքեր այդ հարցին նայում են այլ դիտանկյունից, պարզապես սխալ են հասկանում իրավիճակը։ 

«Իմ օրակարգը բացառապես հոգևոր և բովանդակային է, և անձերի հետ առնչվում է այնքանով, որքանով առնչվում է հոգևոր բովանդակության հետ։ Այս օրակարգում ես ինտրիգներ չեմ հետապնդում։ Եթե ինտրիգներ հետապնդելիս լինեի, ապա շատ վաղուցվանից շատ ձևեր և տարբերակներ կային, և ես կգնայի այդ տարբերակներով։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է ո՛չ, ես հերքում եմ։ Ես ընդհանրապես հերքում եմ, որ ես ունեմ, մտածում եմ որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ ես նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»,-նշեց վարչապետ Փաշինյանը։ 

Վարչապետը ասաց, որ եթե ինքն այդ հարցի և հավանական թեկնածուի վերաբերյալ այժմ կարծիք արտահայտի, ապա կստացվի, որ ինքը խախտում է եկեղեցու գործերին չմիջամտելու սկզբունքը։ 

Leave a Comment