Փաստաբան․ Ի սկզբանե եղել է 5 անձի ցուցակ, որոնք պետք է Արցախում ձերբակալվեին ու տեղափոխվեին Բաքու

Փաստաբան․ Ի սկզբանե եղել է 5 անձի ցուցակ, որոնք պետք է Արցախում ձերբակալվեին ու տեղափոխվեին Բաքու

18 դեկտեմբերի 2025 – 14:35 AMT

PanARMENIAN.Net – Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է տեղի ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը՝ ընդգծելով՝ շատերը քննարկում են այս թեման, առանց պատկերացնելու, թե ինչպես է հնարավոր եղել 120,000 արցախցուն ապահով կերպով հասցնել Հայաստան՝ այն էլ առանց Հայաստանի էական մասնակցության։

Նա հայտնել է, որ ի սկզբանե եղել է 5 հոգուց կազմված ցուցակ, որոնք պետք է ձերբակալվեին ու տեղափոխվեին Ադրբեջան, հայտնում է Panorama.am-ը։

«Այդ հինգ հոգանոց ցուցակը փոխանցվել է Արցախի նախագահին։ Նրանց թվում էին՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը։

Եթե Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի թեման պարզ է, ապա հարց է առաջանում, թե ինչու էին ներառված եղել Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը։ Արցախի նախագահը, երբ այս հարցը բարձրացրել է, տեղեկացվել է, որ այդ երկու հոգու մասով կա առանձին ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ որոշում կայացված Ադրբեջանի կողմից։

Նախագահը տեղեկացրել է բոլոր 5 անձանց, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին, տեղեկացրել է հեռավար եղանակով։

Ռուբեն Վարդանյանն իրազեկված լինելով այդ մասին՝ ոչ այլընտրանքային ճանապարհով, բացահայտ Հաքարիի կամրջով է փորձել հասնել ՀՀ, նրան ուղեկցել է Դավիթ Մանուկյանը, մեքենայում եղել է նաև Մանուկյանի կինը»,–ասել է նա։

Երիցյանը նշել է, որ ադրբեջանական հատուկ ծառայողները ձերբակալել, հետագայում գերեվարել են Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին ու կնոջը։ Բանակցությունների արդյունքում երկու օր անց բաց են թողել Դավիթ Մանուկյանի կնոջը։

Կապված Լևոն Մնացականյանի հետ. նա չի փորձել այլընտրանքային ճանապարհներով դուրս գալ Հայաստան, չնայած կարող էր նման հնարավորություն ունենալ։

Երիցյանի կարծիքով՝ բոլոր ձերբակալվածներն ու հանձնվածները նման քայլի են դիմել, քանի որ Ադրբեջանը նախապես զգուշացրել է, որ եթե նրանք փորձեն թաքուն հեռանալ, ապա կխոչընդոտվի արցախցիների տեղափոխումը Հայաստան։

«Հասարակության մեջ տարածված պնդումը, թե Դավիթ Բաբայանը կամովին է հանձնվել Շուշիում, փաստաբանը հերքել է՝ նշելով, որ նա նախ ձերբակալվել է, ապա գրառում կատարելով՝ հանձնվել Ստեփանակերտի «Լավանդա» համալիրում՝ հաշվի առնելով, որ իր անազատության պայմանը կարող էր ապահովել արցախցիների անվտանգ ելքը։

Հոկտեմբերի 2-ից առաջ այլ ձերբակալություններ չեն իրականացվել, սակայն շարունակվել են որոնումները նույն ցուցակից մնացած երեք անձանց՝ Դավիթ Իշխանյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նկատմամբ։ Ըստ պայմանավորվածության՝ մինչև նրանց հանձնվելը, Արցախում մնացած մոտ 120 հոգի, ներառյալ փրկարար ծառայության աշխատողներ, չեն տեղափոխվելու Հայաստան։

Երբ այդ խումբը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սկսել է շարժվել, Կարեն Շահրամանյանն ու Կարեն Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց տեղափոխել են Սարգսյանի տուն, որը ծառայել է որպես ադրբեջանական շտաբ։ Մյուսները՝ Արթուր Հարությունյանը, Արարատ Մելքումյանը, Բակո Սահակյանի անվտանգության պետը և Կամո Վարդանյանի վարորդը, ձերբակալվել են Հաqարիի կամուրջը հատելիս՝ Ադրբեջանի կողմից հիմնավորմամբ, որ գիտեն վերը նշված երեք ղեկավարների գտնվելու վայրը։ Նրանց սպառնացել են տեղափոխել Բաքու, եթե չօգնեն։

Բանակցությունների արդյունքում Բակո Սահակյանի անվտանգության պետն ու Վարդանյանի վարորդը ազատ են արձակվել, իսկ մյուսներին պահել են Ստեփանակերտում՝ Սարգսյանի տանը։ Այդ ընթացքում Սամվել Շահրամանյանը հանդիպել է այս երեք անձանց հետ և տեղեկացրել՝ եթե նրանք չհանձնվեն, մյուսները կտեղափոխվեն Բաքու։ Երեք ղեկավարներն անմիջապես համաձայնել են՝ չցանկանալով, որ որևէ արցախցի տուժի իրենց պատճառով։

Նրանք հանդիպել են ադրբեջանցի հատուկ ծառայողների հետ՝ որոշ պայմաններով։ Նրանց հետ է եղել նաև պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը, որը, սակայն, չի միացել բանակցություններին։ Բանակցությունները երկար են տևել։ Վերջապես, Կարեն Շահրամանյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Հարությունյանը և Արարատ Մելքումյանը ազատ են արձակվել։ Երեք ղեկավարները ձգել են բանակցություններn այնքան ժամանակ, մինչև մյուսներn անցել են կամուրջը, այնուհետև իրենք հանձնվել են։

Բակո Սահակյանը, սակայն, մի պայման է դրել՝ եթե Կամո Վարդանյանին չազատեն, իրենք չեն հանձնվի։ Ադրբեջանցիները խոստացել են քննարկել։ Վերջապես, նրանք ձերբակալվել են։ Սամվել Շահրամանյանի ու Արայիկ Հարությունյանի վերաբերյալ սկզբնական ցուցակում որևէ որոշում չի եղել։

Արայիկ Հարությունյանն ինքն է նախաձեռնություն վերցրել՝ Ադրբեջանի ծառայողներին առաջարկելով չվնասել իր կոնյակի գործարանը՝ այն անվանելով կյանքի աշխատանքի արդյունք։ Շահրամանյանը նրան միայնակ չթողնելու նպատակով ուղարկել է իր վարորդին։ Տեղում ձերբակալվել են Արայիկ Հարությունյանը և Արմեն Սարգսյանը։ Վերջինս հետագայում ազատ է արձակվել։

Ադրբեջանի հատուկ ծառայողները նախազգուշացրել են՝ եթե Կամո Վարդանյանին ցանկանում են դուրս բերել, ապա պետք է մինչև լուսադեմ ՌԴ կազմակերպած ուղղաթիռով լքեն Արցախը։ Այսպիսով, Սամվել Շահրամանյանը, Կամո Վարդանյանը և Արմեն Սարգսյանը տեղափոխվել են Հայաստան ուղղաթիռով

Leave a Comment