Հայ առաքելական եկեղեցում այսօր ճգնաժամ է, և այն պետք է հանգուցալուծվի. այսօ՞ր կհեռացվի Կտրիճ Ներսիսյանը՝ ուրեմն կտրվի ճգնաժամի հաղթահարման մեկնարկը. Փաշինյան

Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև ՀՀ իրավապահներն ունեն ողջ գործիքակազմը սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր Մայր Աթոռում կայանալիք հավաքին։

«Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատն աղանդավորներ են, ովքեր զավթել են և եղծում են Առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։

Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ։ Նրանք Էջմիածնի միաբաններ են, այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ վանական համալիրինն են, հետևաբար նրանց կողմից հնչած հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակ լեգիտիմ է։

Նաև շատ է հնչում, հարցադրումներ են լինում, թե ինչն է կապում ինձ տասը եպիսկոպոսների հետ. միայն և միայն Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը։ Մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման։ Մենք բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել։ Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ կարգալույծ հռչակված բոլոր հոգևորականներին իրենք շարունակում են համարել գործող հոգևորականներ։

Ըստ նրա՝ Հայ առաքելական եկեղեցում այսօր ճգնաժամ է, և այն պետք է հանգուցալուծվի։

«Այսօ՞ր կհեռացվի Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռից՝ ուրեմն կտրվի ճգնաժամի հաղթահարման մեկնարկը։ Ուզում եմ տասը եպիսկոպոսներին շնորհակալություն հայտնել իրենց խիզախության համար, որովհետև հեշտ չէ անել այն, ինչ իրենք անում են։ Ես նրանց աջակցում եմ և կաջակցեմ բոլոր միջոցներով»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսները երեկ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին այսօր՝ ժամը 17։00-ին, հավաքվել Մայր Աթոռում։

Leave a Comment