Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում նավթամթերքի առաջին խմբաքանակը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը SOCAR ընկերության արտադրության 22 վագոն AI-95 տեսակի բենզինի մասին է։
Լրատվամիջոցը պնդում է, որ մատակարարումն իրականացվում է նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում։ Շեշտվում է, որ գործարքը կրում է բացառապես կոմերցիոն բնույթ, և բենզինը վաճառվելու է միջազգային շուկայական գներով։
Բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով։ APA-ն մեջբերում է դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ դեկտեմբերի 5-ին Թբիլիսին գործընկերներից հայտ է ստացել Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանգամյա տարանցում իրականացնելու վերաբերյալ։
Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է բեռնափոխադրումն իրականացնել անհապաղ և ամբողջությամբ անվճար։
Ադրբեջանական լրատվամիջոցը գործարքը որակում է որպես «խաղաղության օրակարգի գործնական կիրառում» և տնտեսական դիվիդենտների դրսևորում՝ նշելով, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման ճանապարհին։
Հայկական կողմից պաշտոնական գերատեսչությունները դեռևս չեն մեկնաբանել բենզինի ներկրման և կոնկրետ այս պայմանավորվածության մասին լուրը։