Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից. Ռուբեն Վարդանյան

Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից, իր որդու հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Զրույցից մանրամասներ է հաղորդել նրա ընտանիքը:

Դավիթ Վարդանյանի հետ զրույցում Բաքվում պահվող նախկին պաշտոնյան հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն, և իր ելույթում նա մտադիր է ընդգծել հետևյալը. «Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով»։

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Վարդանյանը մտադիր է հայտարարել, որ չի զղջում ոչնչի համար, բոլոր իր գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։

Վարդանյանը հավելել է, որ պատրաստ է պատասխան տալ իր արարքների համար Աստծո առաջ, իսկ միակ բանը, որի համար ափսոսում է, այն է, որ չի կարողացել անել ավելին։

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից», – նշել է նա։

Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են. «Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում: Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջ ճանաչել աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է»:

Նա նաև հորդորել է զգույշ լինել խոսքի նկատմամբ՝ հավելելով, որ երջանիկ է, որ կարող է լինել իր ժողովրդի ծառան:

«Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում», – ասել է Արցախի նախկին պետնախարարը:

Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների մեջ: Վարդանյանի գործն առանձին է քննվում մյուս հայ գերիների կեղծ դատավարությունից։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Leave a Comment