18 դեկտեմբերի 2025 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով»:
Ըստ նրա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունն ու սատարումը և դա իր վճռորոշ նշանակությունը կդրսևորի։
«Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում:
Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու ՀՀ կախյալ կարգավիճակի ձեռք բերումը:
Սակայն այս իշխանության թիվ մեկ խնդիրը ո´չ հասարակական անվտանգությունն է, ո´չ էլ ինքնիշխանըթյունն ու տարածքային ամբողջությունը:
Կա խնդիր ամեն գնով պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։