31–ամյա հարևանուհին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 31-ամյա Մելինե Ս․-ն և հայտնել, որ իր հարևանը անհանգստացնում է իրեն, իսկ քիչ անց օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նա «քիմիական այրվածք դեմքի շրջանում, 1-ին, 2-րդ աստիճան, մոտավորապես 2% մարմնի մակերես» ախտորոշմամբ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի փողոցի իրենց շենքի շքամուտքում շքամուտքը մաքրելու հարցի շուրջ Երևանի բնակիչ 38-ամյա Վալենտինա Բ․-ն վիճաբանել է իր հարևանուհի՝ Մելինե Ս․-ի հետ, որի ընթացքում տարայով հեղուկ նյութ է լցրել վերջինի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ձեռնարկվում են միջոցառումներ Վալենտինա Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։