Առաջիկա հանգստյան օրերին՝ դեկտեմբերի 20-21-ը, Մայամիում կարող են տեղի ունենալ բանակցություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով հանդիպման նախապատրաստմանը ծանոթ երկու աղբյուրների։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը դեռ մշակման փուլում է։ Հանդիպման անցկացման դեպքում ամերիկյան կողմը մտադիր է ռուսական պատվիրակությանը ներկայացնել Ուկրաինայի հետ բանակցությունների վերջին փուլի արդյունքները: Սպասվում է, որ Ռուսաստանը բանակցություններում կներկայացնի նախագահի ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսա Ջարեդ Քուշները:
ԱՄՆ վարչակազմում կարծում են, որ հնարավոր համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի համար անվտանգության արևմտյան երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նմանությամբ, ինչպես նաև Եվրամիությանը նրա անդամակցությանը:
Ինչպես նշում է Politico-ն, վերջին երկու շաբաթվա ընթացքում եվրոպացի առաջնորդներն ակտիվ խորհրդակցություններ են անցկացրել ռազմաճակատի ներկայիս գծի երկայնքով ապառազմականացված գոտու ստեղծման, զինված ուժերի ուսուցման համար զինվորականների հնարավոր ուղղորդման և հրադադարի ռեժիմի մոնիթորինգի վերաբերյալ: Եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ կոալիցիոն ուժերը կարող են օգտագործել ավիացիա և անօդաչու թռչող սարքեր՝ շփման գիծը դիտարկելու համար, մինչդեռ ստորաբաժանումների մի մասը կտեղակայվի Ուկրաինայի արևմտյան շրջաններում՝ ուկրաինական զինված ուժերը վերականգնելու, այլ ոչ թե մարտական գործողություններին մասնակցելու համար:
Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև՝ Գերմանիայի միջնորդությամբ: Երկրորդ օրը քննարկումներին միացել էին եվրոպացի քաղաքական գործիչները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: ԶԼՄ-ները հայտնել են, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել ապագա խաղաղության համաձայնագրի դրույթների շուրջ 90 տոկոսը, սակայն տարածքային հարցը մնում է ամենադժվարը:
The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է առաջարկել, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ նման երաշխիքներ ստանալու դեպքում Կիևը պատրաստ է հրաժարվել դաշինքին անդամակցելուց, ինչը Մոսկվայի առանցքային պահանջներից մեկն է:
