Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին», ասված է Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով», – նշել է Մայր Աթոռը։
Պաշտոնական Էջմիածինն ընդգծել է՝ պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։
«Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը», – ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել «նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը»։
Եկեղեցու տասը եպիսկոպոսներ, ովքեր նոյեմբերի 29-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոսին հրաժարական ներկայացնել, երեկ՝ դեկտեմբերի 17-ին, հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդ վեհափառի հրաժարականը:
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Արագածոտնի թեմի հայտարարությունից մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել են, որ լինելու են Էջմիածնում:
