ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից շուրջ 175,4 մլն դրամ (մոտ 430 հազար դոլար) կհատկացնի Լոնդոնում վաճառվող, 12-րդ դարում ստեղծված և քանդակված հայկական փայտյա դռան փեղկը գնելու համար։ Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության՝ հայկական մշակութային արժեքի ձեռքբերման առաջարկին գործադիրը հավանություն է տվել դեկտեմբերի 18-ի նիստում։
Գումարը կտրամադրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկը Լոնդոնի միջազգային աճուրդից գնելու և այն Հայաստան տեղափոխելու համար։
Ըստ հիմնավորման՝ գումարը կտրամադրվի Մշակույթի զարգացման հիմնադրամին՝ նաև տեղափոխման և ապահովագրության ծախսերի իրականացման համար։ Նշվում է, որ աճուրդում առաջարկվող վաճառքի գինը կազմում է 330 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 165 մլն դրամ)։
Նախագծով նախատեսվում է այն վերադարձնել Հայաստան և ցուցադրել Հայաստանի պատմության թանգարանում՝ այն դուրս բերելով մասնավոր շրջանառությունից և փոխանցելով պետական պահպանության։
