Մայր Աթոռը հորդորել է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ հայտարարությունների

Մայր Աթոռը հորդորել է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ հայտարարությունների

18 դեկտեմբերի 2025 – 11:41 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնել տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով և «զգաստության կոչ է ուղղել վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած սրբազան հայրերին»։

«Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։ Տերը օգնական հայոց ազգին»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։ Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարել են, որ համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։

Leave a Comment