ԶԼՄ-ները հայտնել են Շիրակի մարզպետի ազատման մասին․մարզպետարանը հերքել է տեղեկությունը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հնարավոր ազատման պատճառը Գյումրու Յոթ վերք եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քիչ մարդկանց ներկայություն ապահովելն էր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ մարդկանց հավաքագրելու գործն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն Յոթ վերքում, սակայն շիրակցիները պատարագը բոյկոտել էին։

Լրատվականը նշել է, որ Առուշանյանին կարող է փոխարինել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն իր քավոր Մանվել Գրիգորյանին լքելով՝ անցել է ՔՊ-ի կողմ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությամբ՝ դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել Առուշանյանին պաշտոնից հեռացնելու մասին, քանի որ նա «չի արդարացրել ՔՊ-ի հույսերը»:

Մարզպետարանի մամուլի խոսնակ Արաքս Կիրակոսյանն Armenia Today-ին հայտնեց, որ ազատման հիմքը կառավարության օրակարգում որոշման նախագիծ տեսնելն է, սակայն այս պահին դեռևս նման որոշում օրակարգում չկա։ Հարցին, թե ինչ որոշում ունի ինքը Առուշանյանը, գուցե ինքն է ազատման դիմում գրում, Կիրակոսյանն ասաց՝ «Ես մարզպետի հետ նման խոսակցություն չեմ ունեցել և չունեմ այդպիսի տեղեկատվություն»։

Նշենք, որ Առուշանյանը մարզպետ էր նշանակվել մեկ տարի առաջ՝ 2024 թվականի  դեկտեմբերին։ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Փաշինյանը դժոհել էր կառավարության անդամների, մասնավորապես, մարզպետների աշխատանքից։ Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։

 

Leave a Comment