18 դեկտեմբերի 2025 – 10:23 AMT
PanARMENIAN.Net – Արագածոտնի թեմի հոգևորականների համատեղ աղոթքը, որը կայանալու էր Բյուրականի Ս․ Հովհաննես եկեղեցում, կանցկացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այդ մասին ասվում է թեմի ֆեյսբուքյան էջում։
«Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը:
Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ հորդորելով դեկտեմբերի 18–ին միանալ իրենց Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով»։
Դրան հաջորդել են քաղաքացիների, այդ թվում քաղաքական և հասարակական գործիչների կոչերը, 15։30–ից հավաքվել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և կաթողիկոսի։