Անգլիայում ավտովթարի հետևանքով մահացել է 21-ամյա ֆուտբոլիստ — Armsport.am

Անգլիական «Մաքլսֆիլդ» ֆուտբոլային ակումբի (վեցերորդ դիվիզիոն) հարձակվող Իթան Մաքլեոդը մահացել է ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել երեքշաբթի՝ «Բեդֆորդ Թաունի» դեմ խաղից հետո տուն վերադառնալիս։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան՝ Նորթհեմփթոնի մերձակայքում․ ֆուտբոլիստի մեքենան բախվել է արգելապատնեշին։

«Իթանը մեր հիմնական թիմի անհավանական տաղանդավոր և հարգված անդամ էր, ու դեռ ամբողջ կյանքն առջևում էր։ Նա դրական էր տրամադրում բոլորին, ում հետ շփվում էր։ Իթանի պրոֆեսիոնալիզմն ու աշխատասիրությունը ոգեշնչում էին բոլորին, իսկ կյանքի հանդեպ նրա սերը ժպիտ էր պարգևում մեզ նույնիսկ ամենամռայլ օրերին։ Բառերը չեն կարող փոխանցել այն վիշտը, որ մենք հիմա ապրում ենք։

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իթանի ընտանիքին և ընկերներին այս ծանր պահին և վստահեցնում, որ հնարավոր ամեն աջակցություն կցուցաբերենք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Մաքլեոդը 10 տարի անցկացրել է «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» ակադեմիայում և խաղացել ակումբի երիտասարդական թիմում։ Նա հանդես է եկել նաև ցածր լիգաների մի քանի այլ ակումբներում, իսկ «Մաքլսֆիլդ» տեղափոխվել էր այս ամռանը։

Leave a Comment