Թրամփն արգելել է ԱԱ-2026-ի մասնակից 4 հավաքականների երկրպագուների մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կասեցվում է Սենեգալի և Կոտ դ’Իվուարի քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Այս երկու երկրների հավաքականները նվաճել են Աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգրեր, որն անցկացվելու է նաև Միացյալ Նահանգներում։

Ավելի վաղ նմանատիպ արգելքներ էին սահմանվել նաև Իրանի և Հայիթիի նկատմամբ։

ԱՄՆ կառավարության կողմից սահմանված ճամփորդական նոր սահմանափակումները կարող են խոչընդոտել նշված հավաքականների երկրպագուներին՝ ներկա գտնվելու Աշխարհի առաջնության խաղերին։

Թեև նոր կանոնները բացառություն են նախատեսում ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և մրցաշարի մասնակիցների մերձավոր ազգականների համար, սակայն երկրպագուների վրա այդ բացառությունները չեն տարածվում։

Սպիտակ տունն այս որոշումը հիմնավորել է նշված երկրների քաղաքացիների կողմից տուրիստական և ուսանողական վիզաներով մնալու ժամկետների հաճախակի խախտումներով։ Հայտարարության մեջ նշվում է, որ բացառությունները գործում են միայն ԱՄՆ մշտական բնակիչների (Green Card), գործող վիզա ունեցողների, դիվանագետների, մարզիկների, ինչպես նաև այն անձանց համար, ում մուտքը բխում է երկրի ազգային շահերից։

Հատկանշական է, որ Սենեգալն ընդգրկված է I խմբում՝ Ֆրանսիայի, Նորվեգիայի և փլեյ-օֆֆի հաղթողի հետ։ Թիմի խաղերից երկուսը նախատեսված են ԱՄՆ-ում, իսկ մեկը՝ Տորոնտոյում, ինչը երկրպագուներին հնարավորություն է տալիս դիտել գոնե մեկ հանդիպում Կանադայում։ Կոտ դ’Իվուարը ելույթ է ունենալու E խմբում և հանդիպումներ է անցկացնելու ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Տորոնտոյում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրպագուների համար հատուկ արտոնություններ նախատեսված չեն։ ԱՄՆ վարչակազմը չի բացառում լրացուցիչ սահմանափակումների ներդրումը՝ ընդգծելով, որ Աշխարհի առաջնության նախապատրաստման գործընթացում անվտանգությունը գերակա առաջնահերթություն է։

Leave a Comment