Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմը դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հայտնում են թեմից։
Ժամերգությունը տեղի կունենա ժամը 17:00-ին։ Այդ ժամին են 10 եպիսկոպոսները նախատեսում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացման պահանջով հավաք անցկացնել Էջմիածնում։
Արագածոտնի թեմը հորդորել է հավատացյալներին միասին աղոթել անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և եկեղեցու անսասանության համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
