ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ կոչ են արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, հայտարարության տեքստը հրապարակել է «Հայկական ժամանակը»։
Հայտարարության մեջ ասվում է, որ եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներն «այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ մեր եկեղեցուն, թե՛ պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին»։
Ըստ 10 եպիսկոպոսների՝ եկեղեցու անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև ազգային և պետական անվտանգային շահերին:
«Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն»,- ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։
