Իրանն իրավունք ունի հարստացնել ուրանը, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ Մոսկվայում համատեղ ասուլիսին: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Լավրովն ասել է, որ Իրանը թույլ չի տա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունների կրկնակի չարաշահում՝ արևմտյան երկրների ծրագրերն առաջ մղելու նպատակով:
«Մենք շեշտը դրել ենք բազմակողմանիության վրա։ Ցավոք, Արևմուտքը դա անտեսեց։ Այսօր անհրաժեշտ է պահպանել և հարգել միջազգային սկզբունքներն ու օրենքները: Մենք պայմանավորվել ենք համագործակցել միջազգային հանրության համախոհների հետ: Մենք նաև քննարկել ենք պատժամիջոցների հետևանքների չեզոքացման ուղիները», – հավելել է Լավրովը։
Համատեղ հանդիպման ժամանակ, ըստ Լավրովի, քննարկվել են ռուս-իրանական հարաբերությունները, երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Արաղչին, իր հերթին, շեշտել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման պայմանագրի հավատարիմ մասնակից է և հավատարիմ է իր պարտավորություններին:
«Բայց մենք չենք հրաժարվում մեր իրավունքներից, և մեր իրավունքները ներառում են միջուկային էներգիայի օգտագործումը, ներառյալ հարստացումը», – նշել է նա:
Մոսկվայում բանակցությունների արդյունքում Իրանն ու Ռուսաստանտ ստորագրել են համագործակցության մասին ծրագրային փաստաթուղթ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև:
