Գրիգորյանն ու Օվերչուկը ստորագրել են ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը

ՀՀ փովարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արձանագրությունը, հայտնել է փոխվարչապետի գրասենյակը։

Ըստ հրապարակման՝ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մասնակցությամբ ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր՝ Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունների մակարդակով։

Նրանք քննարկել են 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանձնաժողովի 23-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները։ Վերլուծվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունների ողջ համալիրը, ինչպես նաև սահմանվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության զարգացման հետագա քայլերը։

Կողմերը հատուկ անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, մշակույթի, գիտության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին։

Leave a Comment