Հայաստանն ակտիվ աշխատում է, որ «Թրամփի ուղին» հարգի Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպան

Հայաստանը հաշվի առնում է, նաև ակտիվ աշխատում է, որ «Թրամփի ուղին» հարգի Իրանի կենսական շահերը, Tasnim գործակալությանն ասել է  Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Նա հայտարարել է, որ Երևանն Ադրբեջանի ու ԱՄՆ-ի հետ եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում գործել է բարիդրացիության, ինքնիշխանության և փոխվստահության սկզբունքներից ելնելով և պաշտոնապես հաշվի է առել Իրանի կենսական շահերը՝ Թեհրանի հետ ակտիվ երկխոսություն պահպանելով տարբեր մակարդակներում:

Հիշեցնելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության ապահովումը կիրականացվի «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակներում, Հակոբյանը շեշտել է՝ Հայաստանի հարավով անցնող երթուղին պաշտոնապես անվանվում է բացառապես «Թրամփի երթուղի», իսկ ցանկացած այլ անվանում, ներառյալ «միջանցք» տերմինը, հակասում է ստորագրված հայտարարության ոգուն և բովանդակությանը:

Անկարան ու Բաքուն շարունակում են այս երթուղին կոչել «Զանգեզուրի միջանցք»: Իսկ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Հակոբյանի հետ հանդիպմանն ասել էր, որ այսպես կոչված՝ «Թրամփի ծրագիրը Կովկասի վերաբերյալ ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ներկա փուլին, ապա Իրանում ՀՀ դեսպանն ասել է, որ վերջին ամիսներին կարգավորման գործընթացում զգալի և սկզբունքային տեղաշարժեր են տեղի ունեցել:

Leave a Comment