17 դեկտեմբերի 2025 – 17:25 AMT
PanARMENIAN.Net – 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված և անհետ կորած անձանց հարազատները պահանջում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակային դարձնել։ Հարազատներն իրենց պահանջ-դիմումով ստորագրահավաք են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ, որից հետո պահանջագիրը կներկայացնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Անհետ կորած անձանց հարազատ Արսեն Ղուկասյանն ասել է, որ դիմումն ուղղվելու է Սիմոնյանին՝ «Լույսի ճրագ» և «Ճշմարտության իրավունք» հասարակական կազմակերպությունների անունից, հայտնում է Aysor.am-ը։
«Քանի որ դա հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, և որը մեզ առավել քան հետաքրքրում է, ես որպես տուժողի իրավահաջորդ իրավունք ունեմ օրինական պահանջ ներկայացնելու, որ ինձ ցույց տան, թե ում կատարած սխալների հետևաքնով է պատերազմում այդ արդյունքը եղել»,- նշել է նա։
Ղուկասյանը շեշտել է, որ զեկույցն անհասկանալի կերպով ուղարկվել է արխիվ, և պաշտոնյաները խուսափում են պատասխանատվությունից։
«Ոչ մեկին ոչինչ չունեն ասելու, կոպիտ ասած՝ իրենք «աչոտ չունեն» տալու, ես էլ «աչոտ» եմ ուզում իրանցից, ու ծնողներն էլ միացել են այդ պահանջին և ձեռնարկված քայլերին։ Ու բոլոր նրանք, ովքեր համակարծիք են, որ պետք է այդ ամենը ժողովրդին ներկայացվի, միացել են և կարող են դեռ միանալ։ Այստեղ ոչ մի քաղաքական հարց չկա, բազմաթիվ անգամ շեշտել եմ՝ ուզում է նիկոլապաշտ լինեն, ուզում է քոչարյանապաշտ լինեն, ուզում է բուդդայապաշտ լինեն, ինձ համար մեկ է, հարցը վերաբերում է զոհված և անհետ կորածներին ու պատերազմին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ժամանակին իրենք հանդիպել են քննիչ հանձնաժողովի հետ, բայց նյութերին չեն ծանոթացել։
«Կոնկրետ մեր հարցին պատասխան չտվեցին, ստից լսումներ սարքեցին, ստից երկու հոգի եկան, սուտի, անկապ ելույթներ ունցան ու ասեցին՝ վերջ, հարցը փակվեց։ Բայց եթե չեմ սխալվում, դաժե Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ հանձնաժողովի նույթերը պետք է հրապարակայնացվեն, հանրությանը հասանելի ու տեսանելի դարձվեն, դե թող անեն, մենք էլ դա ենք պահանջում»,- հավելել է Ղուկասյանը։
44-օրյա պատերազմի հետևանքով 195 մարդ, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ քաղաքացիական անձ, դեռևս համարվում է անհետ կորած։