Վազգեն Պահլավունի-Թադևոսյանը, որին արվեստի աշխարհում ճանաչում են որպես Վազօ, հայաստանյան ժամանակակից արվեստի ամենաազդեցիկ դեմքերից է և Գյումրիի միջազգային բիենալեի հիմնադիրներից մեկը։ Նրա ջանքերով Հայաստանը, և հատկապես Գյումրին, իր համար սոցիալ-տնտեսական ամենածանր տարիներին կարողացավ ամուր դիրքավորվել համաշխարհային արվեստի քարտեզի վրա։ Այսօր արվեստագետն իր կյանքը կիսում է Ֆրանսիայի հարավի և հարազատ Գյումրիի միջև։
Օրերս «Հայ Արտ» մշակութային կենտրոնում՝ Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալեի շրջանակներում, բացվեց նրա հեղինակած և համադրած «Համագործակցություն մրցակցության փոխարեն. Տեսողական նամակներ» ցուցահանդեսը։ Մեկնաբանելով նախագծի գաղափարախոսությունը՝ Վազօն նշում է, որ ավանգարդ արվեստը մշտապես հակադրվել է շուկայականացմանն ու սալոնային մշակույթին, սակայն, հաճախ ինքն էլ է հայտնվել թակարդում՝ այդ հակադրության մեջ դառնալով կոմերցիոն և շուկայական պայմանների գերի։
Ըստ նրա՝ համագործակցությունն այն կարևորագույն սոցիալական ու մարդկային պայմանն է, որն ինքնին արվեստ է՝ մարդկային հարաբերությունների արվեստ։ Վազօյի ստեղծագործական որոնումները սկսվում են ինքնաճանաչումից ու ինքնակատարելագործումից՝ չշրջանցելով նաև սոցիալ-քաղաքական թեմաները, թեև այսօր նա ավելի շատ հակված է զուտ գեղարվեստական խնդիրներ վերհանելուն։ Արվեստագետն այժմ ապրում է Ֆրանսիայի հարավում գտնվող գյուղերից մեկում՝ վարելով ներամփոփ, ինչպես ինքն է բնորոշում՝ «կիսավանական» կյանք։
Գյուղական անդորրն արվեստագետին երեք կարևոր հնարավորություն է ընձեռում. անմիջական շփում կենդանի բնության հետ՝ լսելու լռությունն ու զգալու լեռների գունային փոփոխությունները, սեփական անձի հետ մնալու ժամանակ և, ամենակարևորը, իրադարձություններին հեռավորությունից նայելու կարողություն։ Սա է նրա աշխարհընկալման հիմքը՝ գտնել ներքին հավասարակշռությունն ամենուր։
Վազօն ցավով նկատում է, որ հայկական իրականության մեջ մենք այսօր խորը դիսբալանսի մեջ ենք. համաչափությունները խախտված են թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ էկոլոգիական հարթություններում։ Այնուամենայնիվ, նրա կյանքի բանաձևն է՝ ապրել ու ստեղծագործել՝ չկորցնելով սերն ու լավատեսությունը։ «Ես միշտ զբաղված եմ և լավատես, քանի որ վատատես լինելու ժամանակ պարզապես չունեմ»,- եզրափակում է արվեստագետը։