17 դեկտեմբերի 2025 – 15:04 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը հայտարարել է, որ 024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025–ին աճել է 22.5%-ով, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերի կտրվածքով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.79 մլրդ դոլար։ Ավելացել է այցելուների թիվը. այսպես, Հայաստան է այցելել 34 հազար չինացի զբոսաշրջիկ, ինչը բարձր է 2024 թվականի ցուցանիշից», – ասել է դեսպանը։
Սինվեյը նշել է, որ 2024 թվականի սեպտեմբերից Չինաստանի China Southern Airlines ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով, իսկ առաջիկայում նախատեսվում է այդ չվերթերի հաճախականության ավելացում։
Դեսպանի խոսքով՝ 2025 թվականը դարձել է առանձնահատուկ Հայաստան–Չինաստան հարաբերությունների խորացման տեսանկյունից։ Հայաստանը միացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, իսկ հայկական արտադրողներն ակտիվ մասնակցություն են ունեցել Չինաստանում անցկացվող խոշոր ցուցահանդեսներին, ներառյալ Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսը (CIIE), Կանտոնի տոնավաճառը և Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային ցուցահանդեսը։
Սինվեյը ընդգծել է, որ չինացի սպառողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական բարձրորակ արտադրանքի, մասնավորապես՝ «Արարատ» կոնյակի նկատմամբ։
Նա անդրադարձել է նաև հայ-չինական հումանիտար ոլորտի համագործակցությանը՝ շեշտելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ու վերլուծական կենտրոնների միջև ձևավորված դինամիկ կապերը։ Չինաստանը, ըստ դեսպանի, մասնակցում է նաև Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին։
2025 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Պեկին կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանը և Չինաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր։