Սարգսյան․ Ավինյանն իմ ընկերն է, Սիմոնյանը՝ ոչ, վարչության որոշումը բողոքարկելու եմ

Սարգսյան․ Ավինյանն իմ ընկերն է, Սիմոնյանը՝ ոչ, վարչության որոշումը բողոքարկելու եմ

17 դեկտեմբերի 2025 – 14:23 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մերժվել է պատգամավոր Հայկ Սարգսյանի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Լրագրողների հետ զրույցում Սարգսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք կուսակցության ներսում իր դեմ կարող էր գործել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես քաղաքապետ դառնալու հավակնություն չունեմ, ինձ տեսնում են Ազգային ժողովում։ Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին և դեմ չի եղել։ Տիգրան Ավինյանն իմ ընկերն է, և բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե տեղում լիներ՝ կողմ կքվեարկեր։ Նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրեն, համարում եմ Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ՝ ամենալավը»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե արդյոք Ալեն Սիմոնյանն իր ընկերը համարվո՞ւմ է և ինչ հարաբերություններ ունեն միմյանց հետ։

«Ո՛չ։ Առաջիկայում կխոսենք այդ մասին»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ բողոքարկելու է վարչության որոշումը, հայտնում է Radar Armenia-ն։

«Ինձ կուսակցությունը, ոնց մյուս թեկնածուներին, հրավիրել է, կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրն ինձ տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ թեկնածությունը։ Այս պահին ունեմ երկու ճանապարհ՝ գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ, բողոքարկել վարչության որոշումն՝ իրացնելով իմ կուսակցական իրավունքները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը՝ բողոքարկելու վարչության որոշումը»։

Թե ինչու են իրեն մերժել, Սարգսյանն ասել է. «Ես իմ գործունեությամբ «ցավացրել եմ» որոշ մարդկանց»։

Leave a Comment