8 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավերին հասցված հարվածների հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

17.12.2025 | 13:54

ԱՄՆ ԶՈՒ-ի հարավային հրամանատարությունը  հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող երեք նավերին հասցված հարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել: Հետախուզությունը հաստատել է, որ նավերը հետևել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներին և ներգրավված են եղել անօրինական առևտրում, ասվում է X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրամանատարության տվյալներով՝ գործողության ընթացքում ոչնչացվել է «ութ նարկոահաբեկիչ»։

Սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ուժերը պարբերաբար հարձակվում են Կարիբյան ավազանում և Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավերի վրա: Զինվորականների տվյալներով՝ այս գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ: Մարդու իրավունքների պաշտպաններն ու այս գործողությունների քննադատները հարվածները որակում են որպես արտադատական ​​​​մահապատիժներ և մատնանշում են միջազգային իրավունքի հնարավոր խախտումները:

Միացյալ Նահանգները մեղադրում է Վենեսուելային ԱՄՆ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը ակտիվորեն նպաստելու մեջ՝ համարելով, որ դա անվտանգության սպառնալիք է ներկայացնում երկրի և քաղաքացիների համար: Կարակասը հերքում է այս մեղադրանքները: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, իր հերթին, պնդում է, որ Վաշինգտոնը ծրագրեր է մշակում իրեն տապալելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment