Ամերիկյան նավերը շրջափակել են Վենեսուելա շարժվող նավթային լցանավերը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ծովային շրջափակում սահմանել պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերի համար, որոնք շարժվում են դեպի Վենեսուելա կամ դուրս են գալիս այդ երկրից։ Նա այդ մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում՝ նշելով. «Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ խոշորագույն նավատորմով»։


Սպիտակ տան ղեկավարն այդ քայլի պատճառը համարել է Նիկոլաս Մադուրոյի գլխավորած «վենեսուելական ռեժիմի» կողմից իրականացվող «ակտիվների գողությունը, ահաբեկչությունը, թմրամիջոցների մաքսանենգությունը և մարդկանց առևտուրը: Մադուրոյի կառավարությանը Վաշինգտոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն:


Անցյալ շաբաթ Վաշինգտոնի և Կարակասի միջև հակասություններն ավելի են սրվել, երբ այդ երկրի ափերի մոտ ամերիկացի զինվորականները գրոհել են և գրավել վենեսուելական նավթատար։


Reuters-ը, հղում անելով թրեյդերներին և մյուս իրազեկ աղբյուրներին, հաղորդել է, որ միջադեպից հետո վենեսուելական նավթի գնորդները, այդ թվում՝ չինական նավթավերամշակման գործարանները, սկսել են ավելի բարձր զեղչեր և  պայմանագրային փոփոխություններ պահանջել Վենեսուելայի պետական ​​նավթագազային PDVSA ընկերությունից։

Leave a Comment