Պոլսո հայոց պատրիարքը և Թուրքիայի ՆԳ նախարարը քննարկել են հիվանդանոցների կանոնակարգի հետ կապված հարցեր

Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Անկարա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի հետ, հայտնում է «Ակոս»-ը։

Ըստ կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են այն կանոնակարգերը, որոնք անհրաժեշտ են փոքրամասնությունների հիվանդանոցների հիմնադրամի խորհուրդների ընտրությունների անցկացման համար։ Մաշալյանը մտահոգություն է հայտնել դեռևս չկայացած հիվանդանոցային ընտրությունների վերաբերյալ և նշել, որ ցանկանում է, որ փոքրամասնությունները ներկայացված լինեն և նրանց կարծիքները հաշվի առնվեն նոր Սահմանադրության մշակման գործընթացում։

Յերլիքայան, իր հերթին, նշել է, որ այս հարցերի շուրջ աշխատանքները կիրականացվեն զգայունությամբ։

Կայքը նշում է, որ 9 տարի չանցկացված ընտրություններից հետո, փոքրամասնությունների հիմնադրամները կարողացել էին անցկացնել ընտրությունները 2022-ին՝ Թուրքիայի Resmi Gazete պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի շնորհիվ ու հիմնադրամների մեծ մասում պաշտոններն ստանձնել էին նոր ղեկավարներ։ Սակայն կանոնակարգը բացառել էր հիվանդանոցային հիմնադրամների ընտրությունները՝ նշելով, որ 2023-ին այդ հիմնադրամների համար կհրապարակվի նոր կանոնակարգ։ Բայց 2023-ից հետո կանոնադրությունը դեռևս հրապարկված չէ։

Նշվում է, որ անցել է 2 տարի, և դեռևս պարզ չէ, թե ինչո՞ւ կանոնակարգը չի հրապարակվել։ Անկարայից որևէ հստակ բացատրություն չի տրվել: Վերջին երկու տարիների ընթացքում կատարված բոլոր շփումներում պաշտոնական պատասխան է տրվել, որ «նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են»:

Մարտին Պոլսո Հայոց պատրիարքը մասնակցել էր Թուրքիայի նախագահի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք)։ Էրդողանն իր ուրախությունն է հայտնել Նորին Ամենապատվության մասնակցության համար։

Leave a Comment