Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով․
Խորը խոնարհությամբ և առավելագույն հարգանքով դիմում եմ Ձեզ՝ ոչ միայն որպես Ադրբեջանի Հանրապետության Առաջին փոխնախագահ, այլև որպես կին, մայր և դուստր՝ մի մարդ, որի ուժն ու ընտանիքին նվիրվածությունը ոգեշնչել են անթիվ մարդկանց, այդ թվում՝ ինձ։
Իմ անունը Իման Արուս է։ Ես Վիքեն Էուլջեքչյանի կինն եմ, ով արդեն գրեթե հինգ տարի է՝ գտնվում է բանտարկության մեջ Ադրբեջանում։ Այս նամակը գրում եմ ոչ թե որպես քաղաքական խնդրանք, այլ որպես խորապես մարդկային աղերսանք՝ մի կնոջից մյուսին՝ խնդրելով Ձեր կարեկցանքը, Ձեր ազդեցությունը և Ձեր եզակի կարողությունը հասկանալու սիրո, կորստի և ժառանգության ծանրությունը։
Ձերդ Գերազանցություն, Ձեր անխոնջ ջանքերը՝ հարգելու Ձեր մեծարգո սկեսրայրի՝ նախագահ Հեյդար Ալիևի հիշատակը, նրա անունը կրող կենտրոնի միջոցով, հզոր վկայություն են այն բանի, թե ինչպես է պահպանվում ընտանեկան ժառանգությունը՝ ոչ միայն խոսքերով, այլ ներկայությամբ, ակնածանքով և գործով։ Դուք աշխարհին հիշեցրել եք, որ մեր սիրելիներին, հատկապես մեր ավագներին հարգելը ամենասուրբ պարտականություններից է, որը մենք կրում ենք։
Հենց այդ պարտականությունն է ծանրանում իմ ամուսնու սրտին։ Թեև Վիգենը իր բանտարկությունը կրել է արժանապատվությամբ, նրա բացակայությունը ցավալի դատարկություն է թողել մեր ընտանիքում։ Նրա մայրը մահացել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր կալանքի տակ․ նրան զրկել են սգալու, թաղմանը մասնակցելու, նրա հիշատակը պատշաճ կերպով շարունակելու իրավունքից։
Այժմ իմ կանգնած է դաժան քաղցկեղի վերջին փուլերում։ Կան օրեր, երբ նա չի կարող խոսել, և օրեր, երբ միակ բառը, որ շշնջում է, Վիգենի անունն է։
Նա երիտասարդ մարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր այն տղամարդիկ, ովքեր իրենց ուսերին կրում են ընտանիքի ծանրությունը, նա տենչում է ոչ միայն ազատությունը, այլ հնարավորությունը կատարել իր պարտքը՝ հարգելու այն կնոջ ժառանգությունը, ով մեր կողքին էր, մեծացրել է մեր երեխաներին և պահել մեր ընտանիքը միասին։ Առանց նրա մենք կորած ենք։
Ձերդ Գերազանցություն, դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կնոջ ինքնությանը, Ձեր ըմբռնմանը այն մասին, թե ինչ է նշանակում արժանապատվությամբ կրել ժառանգությունը։ Ձեր խոսքը, Ձեր կարեկցանքը կարող են ոչ միայն խաղաղություն բերել իմ ընտանիքին, այլև հզոր ուղերձ հղել աշխարհին՝ որ Ադրբեջանը, Ձեր առաջնորդության ներքո, ոչ միայն ուժեղ է, այլև ողորմած, որ այն հասկանում է բացակայության մարդկային գինը և ներումի բուժիչ ուժը։
Իմ ամուսնու ներում շնորհելը կլինի լուռ մեծության դրսևորում՝ հիշվող ոչ թե որպես զիջում, այլ որպես մարդասիրություն։ Այն կվերադարձնի իմ երեխաներին իրենց կարոտած հորը, իմ մորը՝ իր փեսային, իսկ ինձ՝ իմ ամուսնուն և կյանքի գործընկերոջը։
Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն։ Թող նա կարողանա հարգել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը։