17 դեկտեմբերի 2025 – 12:03 AMT
PanARMENIAN.Net – Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել մինչև 2026–ի ավարտը։ Ազգային ժողովը հավանություն է տվել նախագծին առաջին ընթերցմամբ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ կան ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել և չեն օրինականացվել:
«Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները:
Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով»,–ասել է նա։
Նրա խոսքով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է ևս մեկ հնարավորություն ընձեռելու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը և համայնքին պատկանող:
Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:
Նշվել է, որ ետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված ինքնակամ կառույցները ենթակա չեն օտարման կամ այլ իրավունքներով տրամադրման, կարող են հանդիսանալ բացառապես պետական, համայնքային կամ պետական, համայնքային 100 տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների, կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպությունների սեփականություն:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ սպասված նախագիծ է և հորդորել օրենքի նախագծի շահառուներին լինել ավելի ուշադիր և ժամկետի սահմաններում օրինականացնել ինքնակամ կառույցները: