Գյումրու անկարգությունների գործով անցնող Հովեյան եղբայրներն ազատ կարձակվեն

Գյումրու անկարգությունների գործով անցնող Հովեյան եղբայրներն ազատ կարձակվեն

17 դեկտեմբերի 2025 – 12:06 AMT

PanARMENIAN.Net – Գյումրու քաղաքապետարանի առջև հոկտեմբերի 20-ի անկարգությունների գործով անցնող Կարեն և Կարուշ Հովեյաններն ազատ կարձակվեն։ Նրանց կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունը մերժվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյլալներիս կալանքների երկարացման միջնորդությունների դատական նիստերն ավարտվեցին և կայացվեցին որոշումներ։

Նախորդ օրը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, իսկ այսօր՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննվեցին ու մերժվեցին եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։

Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։ Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 20-ին ուժային ծառայությունները մուտք են գործել Գյումրու քաղաքապետարանի շենք՝ նպատակ ունենալով բերման ենթարկել համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ ձերբակալվել է 8 քաղաքացի՝ մի խումբ պաշտոնյաների կողմից խոշոր չափի կաշառք ստանալու և նույնչափի կաշառք փոխանցելու մեղադրանքով։

Ժամեր անց Ղուկասյանն ինքնուրույն լքել է քաղաքապետարանի շենքը և մոտեցել իրավապահների մեքենային։ Այդ պահին տեղի է ունեցել բախում ոստիկանության աշխատակիցների և համայնքապետի աջակիցների միջև։ Ուժայիններն անմիջապես սկսել են ձերբակալությունները։ Հոկտեմբերի 30-ին հայտարարվել է, որ գործով ներգրավվել է 43 անձ, որոնցից 26-ը կալանավորվել են, 15-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն։

Leave a Comment