Կոռուպցիայի դուռը ամուր փակելու համար պետք է հստակ չափորոշիչներ դնենք յուրաքանչյուր ղեկավարի առաջ: Եթե նորմերից մեկը խախտվի՝ ղեկավարը պետք է ինքնուրույն ազատ որոշում կայացնելու իրավունք չունենա. պետք է առաջնորդվի նորմերով, որն իրեն կտրամադրեն որևէ կառույցից: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով ղեկավարների իրավասություններին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատասխանեց, որ իրենք այդ գործիքը չեն տալիս համայնքի ղեկավարին. «Համայնքի ղեկավարն ինքնակամ օրինականացման ունեցել է այն օրվանից, երբ օրենքը որոշել է, որ համայնքի ղեկավարն ինքն է անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթեր տրամադրողը»:
Նա նշել է, որ ամեն դեպքում համայնքն ունի ավագանի, և որոշակի լիազորությունների շրջանակում իրենք կարող են իրենց գործառույթները կարգավորել:
«Իմ կարծիքով, այսօր փաստաթղթավորված կա այն ամենը, ինչը որևէ մեկի մոտ մտահոգություն է առաջացնում, թե համայնքի ղեկավարը կարող է կամայականություն ունենալ»,-ասել էնա:
Անդրադառնալով հատակագծերին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ քաղաքացիների մոտ ընկալումն այլ կերպ է: Մտածում են՝ եթե կառուցել են ինքնակամ կառույց ու դիմել, ուրեմն դա պարտադիր օրինականացման ենթակա է:
«Մենք պետք է այս ընկալման մեջ գտնենք՝ որտեղ է արդարացի, և որտեղ ոչ արդարացի պատկերացումը. ամեն դեպքում ՀՀ-ում չկա այնպիսի խոշորացված համայնք, որ միկրոռեգիոնալ հատակագծերը հաստատված չլինի»,- եզրափակել է նա: