Թրամփն արգելել է մի քանի երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար ամբողջությամբ արգելված է մուտքը Միացյալ Նահանգների տարածք, փոխանցում է DW-ն:

Սպիտակ տան կողմից երեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին հրապարակված փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները կվերաբերեն 20 երկրի և տարածքի։ Այսպիսով, այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիների նկատմամբ կիրառվում են նման միջոցներ, կրկնապատկվում է։

ԱՄՆ մուտքի ամբողջական արգելքը այսուհետ տարածվում է Բուրկինա Ֆասոյի, Լաոսի, Մալիի, Նիգերի, Սիրիայի, Սիեռա Լեոնեի և Հարավային Սուդանի քաղաքացիների, ինչպես նաև Պաղեստինյան ազգային վարչակազմի կողմից տրված ճանապարհորդական փաստաթղթեր ունեցող անձանց վրա։

Մասնակի սահմանափակումների տակ են հայտնվել Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Գաբոնի, Գամբիայի, Դոմինիկյան Հանրապետության, Զամբիայի, Զիմբաբվեի, Կոտ դ’Իվուարի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի և Տոնգայի քաղաքացիները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս միջոցը վերաբերում է այն երկրներին, որոնք ունեն անվտանգության ստուգումների և տեղեկատվության փոխանակման ոլորտում մշտական ու լուրջ թերություններ։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը վերացնում է ոչ ներգաղթային վիզաների սահմանափակումները Թուրքմենստանի քաղաքացիների համար, մինչդեռ ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը մնում է ուժի մեջ։ Սա հիմնավորվում է նրանով, որ Աշխաբադը «արդյունավետ համագործակցում է» ամերիկյան վարչակազմի հետ և առաջընթաց է արձանագրել նույնականացման ընթացակարգերի ու տեղեկատվության փոխանակման բարելավման հարցում։

Leave a Comment