«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որին դուրս են թողել 2026 թվականի նախընտրական հիմնական ցուցակից, լուրջ հակասություններ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրա բուքմեյքերական ընկերությունների մասին նախագծին դեմ էր Սիմոնյանը, և Սարգսյանը վերջինիս մեղադրել էր խաղատնային բիզնեսները հովանավորելու մեջ՝ ակնարկելով նրա ընկերական կապը «Վիվառո»-ի սեփականատիրոջ հետ։ Բացի այդ Սարգսյանն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը առաջիկա ընտրություններում։ Թերթի տեղեկություններով՝ Սիմոնյանն ու Ավինյանը միավորվել են Սարգսյանի դեմ։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ՝ Սարգսյանի գրանցմանը կողմ քվեարկած 3 պատգամավորից երկուսը Արմեն Խաչատրյանն ու Վահագն Ալեքսանյանն էին։ Թերթը տեղեկացրել է, որ ցուցակից դուրս են մնացել նաև Հայկ Ցիրունյանն ու Ջուլիետա Ազարյանը։
Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման: