Ադրբեջանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական փոխօգնության հուշագիրը․ Գեղամյան

Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 16-ին վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը, որով կողմերը պարտավորվում են միմյանց օգնություն ցուցաբերել ագրեսիայի դեպքում, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա դիտարկմամբ՝ հուշագրի վավերացումը խորացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշինքը՝ այն տեղափոխելով փոխադարձ ռազմական պարտավորությունների հարթություն։

Գեղամյանի խոսքով՝ տարածաշրջանում միաժամանակ արձանագրվում են նաև մի շարք այլ գործընթացներ, որոնք վկայում են անվտանգության ռիսկերի աճի մասին։

Նա նշել է, որ դրան զուգահեռ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը, որը պատրաստվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո։ Թյուրքագետի գնահատմամբ՝ փաստաթուղթը տարածաշրջանում «Թուրանի» ձևավորման գործողությունների ծրագիր է՝ արդիականացված պանթյուրքիզմի տրամաբանությամբ։

Գեղամյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Թուրքիան և Թուրքմենստանը պայմանավորվել են Անդր-կասպյան գազատարի (Trans-Caspian Pipeline) կառուցման շուրջ, որը նախատեսում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի մատակարարում՝ Կովկասով անցնող երթուղով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Փորձագետի խոսքով՝ նախագիծն ունի արևմտյան գործընկերների աջակցությունը և կարող է նպաստել տարածաշրջանային լարվածության աճին։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է քաշում «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձը» որպես Հայաստանի նկատմամբ նոր քաղաքական օրակարգ։

Բացի այդ, Գեղամյանը նշում է, որ The Economist պարբերականը 2026 թվականին հնարավոր սրման ենթակա յոթ հակամարտությունների շարքում ներառել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Նրա գնահատմամբ՝ նշված գործընթացների համադրությունը վկայում է տարածաշրջանում հակամարտությունների սրման և պատերազմի հավանականության աճի մասին։

Կարդացեք նաև՝ 

Ալիևն առաջարկել է Թուրքական պետությունների կազմակերպության համատեղ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանում
Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները

Leave a Comment