Իսրայելը Լիբանանին ուղղված սպառնալիքներ է հնչեցնում․«Ի՞նչ սպասել»։Լիբանանում տիրող իրավիճակի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
-Իսրայելական հարձակումները շարունակվում են։ Ի՞նչ է տեղի ունենում այս փուլում։
-Այո, հարձակումները շարունակվում են, և դա ուղիղ կապ ունի զինաթափման օրակարգի համար սահմանված ժամկետի հետ։ Այդ ժամկետը համընկնում է Վաշինգտոնում նախատեսված՝ ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի հանդիպման հետ, որը կկայանա դեկտեմբերի 30-ին։ Ըստ շրջանառվող սպառնալիքների՝ եթե զենքի մենաշնորհման օրակարգը չկատարվի, Իսրայելին թույլ կտրվի անցնել լայնածավալ ռազմական գործողությունների։Ժամկետի ձգման մասին հայտարարություններ են հնչում։
-Այս գործընթացում Իսրայելին ուղղված որևէ պահանջ կա՞։
-Փաստացի՝ ոչ։ Չկան պահանջներ դադարեցնել հարձակումները, դուրս գալ Լիբանանում վերահսկվող կամ ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերից, ինչպես նաև դադարեցնել լիբանանյան օդային տարածքում անօդաչու սարքերի թռիչքները։
-Այդ դեպքում ո՞րն է պահանջների հիմնական առանցքը։
-Բոլոր պահանջները կենտրոնացած են բացառապես զինաթափման վրա՝ միաժամանակ անորոշ թողնելով ինչպես իսրայելական հարձակումների շարունակականությունը, այնպես էլ օկուպացված տարածքների ճակատագիրը։
-Տեղեկատվական ճնշում նկատվո՞ւմ է։
-Այո։ Իսրայելական պետական ռադիոն հաղորդել է, որ վերջին շաբաթներին մշակվել է Լիբանանում «Հըզբոլլային» պատկանող թիրախների դեմ լայնածավալ հարձակման ծրագիր։ Նույնը հաստատել է նաև իսրայելական հեռուստատեսությունը՝ նշելով, որ բանակը քաղաքական ղեկավարությանը ներկայացրել է գործողությունների սրացման ծրագիր։
– Ի՞նչ ուղերձներ են հղվում Լիբանանին։
-Ըստ նույն աղբյուրների՝ Իսրայելի համբերությունը սպառվում է, և Լիբանանին փոխանցվել է հստակ ուղերձ․ եթե քայլեր չձեռնարկվեն «Հըզբոլլայի» դեմ, հարձակումների ծավալը կընդլայնվի։
-Սա ի՞նչ է նշանակում գործնականում։
-Թել Ավիվը փաստացի ցույց է տալիս, որ լայնածավալ ռազմական գործողությունների ծրագիրը պատրաստ է և սպասում է քաղաքական որոշման։ Պատասխանատվությունը դրվում է Լիբանանի կառավարության վրա՝ նրանից ակնկալելով «Հըզբոլլային» պարտադրել զենքի հանձնումը։
– Որքանո՞վ է դա իրատեսական։
-Իրատեսական չէ ակնկալել, որ միայն լիբանանյան կառավարությունը կարող է լուծել այս հարցը։ Այս մոտեցմամբ փորձ է արվում ճեղք առաջացնել լիբանանյան բանակի և «Հըզբոլլայի» միջև։
-Ճնշումը միայն տեղեկատվակա՞ն է մնում։
-Ոչ։ Այն արդեն տեղափոխվել է քաղաքական-պետական մակարդակ։ Լիբանանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ կան արաբական և միջազգային զգուշացումներ՝ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ՝ ընդգծելով, որ խոսքը փոխանցված տեղեկատվության մասին է, ոչ թե անձնական վերլուծության։
–Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել առաջիկայում։
-Կարելի է ենթադրել ճնշման աստիճանական սրում։ Այս ֆոնին «Հըզբոլլան» կոշտացնում է դիրքորոշումը և հայտարարում, որ չի պատրաստվում հանձնել զենքը, հատկապես երբ պահանջները ուղեկցվում են բացահայտ սպառնալիքներով և շարունակվող հարձակումներով։ Սովորաբար նման իրավիճակներում բանակցություններից առաջ սրվում են թե՛ սպառնալիքները, թե՛ ռազմական գործողությունները։