Գյումրիի քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին ի պաշտպանության քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղի ունեցած ակցիայի գործով անցնող եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները դատարանը մերժել է, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա նշել է, որ եղբայրների գործը քննվել է Հակակոռուպցիոն դատարանում՝ դեկտեմբերի 15-ին և դեկտեմբերի 26-ին։ Հովեյանները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։ Ակցիայի գործով քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի նկատմամբ։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին նաև փաստաբան, «Մեր ձևով» շարժման Գյումրիի գրասենյակի համակարգող Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։ Նոյեմբերի 18-ին դատարանը վերացրել էր Մխիթարյանի կալանքը։
