Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրուքի նվազեցումը ներքև է քաշել նաև պետական երկարաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքը, ինչը, թեկուզ համեստ, բայց դրական միտում է։
Հայաստանում, ինչպես և ԱՄՆ–ում, իջեցվել է քաղաքականության տոկոսադրույքը, սակայն երկու երկրների պետական պարտատոմսերն իրենց տարբեր կերպ են դրսևորում։ ԱՄՆ–ում Ֆեդերալ դաշնային համակարգը տարվա մեջ արդեն չորրորդ անգամ իջեցրել է քաղաքականության տոկոսադրույքը. այս անգամ` 0,25%–ով, մինչև 3,50-3.75% (ԱՄՆ–ում քաղաքականության տոկոսադրույքը սահմանվում է միջակայքով, ոչ թե կոնկրետ թվով)։ Սակայն, անգամ այդ մի քանի իջեցումներից հետո, ԱՄՆ 10-տարեկան պետական պարտատոմսերի տոկոսադրույքները գրեթե չեն փոխվել (գտնվելով 4,2% մակարդակի շրջակայքում)։
Ինչպես ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ում ներդրողները ակնկալում են երկարաժամկետ բարձր տոկոսադրույքներ։ Սա նշանակում է, որ նրանք փոքր–ինչ կասկածամիտ են ԱՄՆ ֆիսկալ (հարկաբյուջետային) դիրքի և պետական պարտքի կառավարման հարցում։ ԱՄՆ կառավարությունն աշխատանքներ է տանում պարտքի կրճատման ու պետական ծախսերի վերաբալանսավորման ուղղությամբ, սակայն ներդրողների համար այդ քայլերն առայժմ համոզիչ չեն։
Այդ պատճառով, թեև կարճաժամկետ տոկոսադրույքներն իջել են, սակայն երկարաժամկետների հետ դեռ խնդիր կա։ Հայաստանում, բնականաբար, պարտատոմսերի տոկոսադրույքները զգալիորեն ավելի բարձր են, քան ԱՄՆ–ում (բնականաբար, մեր երկիրը համաշխարհային ներդողների համար ավելի ռիսկային է համարվում), սակայն մեր երկրում պետական պարտատոմսերն արձագանքել են տոկոսադրույքի իջեցմանը (մի քանի ամիս այն կազմում էր 6,75)։ Մասնավորապես, 10 տարեկան պետական պարտատոմսերի տոկոսադրույքն արդեն 9%–ից ցածր է։
Այս դեպքում, նշում է Գալստյանն, էլ ավելի կարևոր է դիտարկել ոչ թե եվրոբոնդերը, այլ դրամային պետական պարտատոմերը, որոնց տոկոսադրույքն արտահայտում է ոչ միայն երկրի, այլև` ազգային արժույթի նկատմամբ վստահության մակարդակը (եթե ներդրողները պատրաստ են անգամ նվազ տոկոսադրույքով պարտատոմսեր գնել, սա ինքնին ենթադրում է վստահության մակարդակ)։
Հավելենք` բնականաբար, սա չի ենթադրում, որ Հայաստանն ավելի հրապուրիչ ուղղություն է ներդրողների համար, քան ԱՄՆ–ն։ Ասվածն ընդամենը նշանակում է որոշակի, թեկուզ փոքր, դրական տեղաշարժ։

