Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել

Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը հաստատել են ռազմավարական գործընկերություն՝ վերահաստատելով քաղաքական, տնտեսական, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության և շրջակա միջավայրի ոլորտներում հարաբերությունների խորացման հանձնառությունը։ Կողմերը ընդգծել են ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանման կարևորությունը։

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը կարևորել են Հայաստան–ԵՄ գործընկերության խորացումը՝ ընդգծելով CEPA-ի և ռազմավարական օրակարգի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը՝ ներառյալ տարածաշրջանային ու միջազգային տրանսպորտային կապակցվածության խթանումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության աջակցությունը։

«Ռազմավարական գործընկերության հաստատմամբ Հայաստանի Հանրապետությունը և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը վերահաստատել են իրենց վճռականությունը խորացնելու հարաբերությունները քաղաքականության, տնտեսության, պաշտպանության, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի ոլորտներում, ինչպես նաև ուսումնասիրելու դրանց ընդլայնման հնարավորությունները նոր ոլորտներում։

Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը:

Возможно, это изображение отдел новостей и текст

Երկու երկրները վերահաստատում են ՀՀ ձգտումը՝ ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ:

Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը։

Leave a Comment