Հաննա Հեմփթոնը ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի կանանց լավագույն դարպասապահ։ 25-ամյա անգլիացին այս մրցանակին արժանանում է առաջին անգամ՝ կարիերայի ամենափայլուն տարվա արդյունքներով, որի ընթացքում նա «Չելսիի» հետ նվաճեց «թրեբլ» (երեք տիտղոս), իսկ Անգլիայի հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Սակայն մինչև այս բարձունքին հասնելը Հեմփթոնը անցել է բարդ ճանապարհով։
Մանկական վիրահատություններից մինչև մեծ ֆուտբոլ
Մանկության տարիներին Հեմփթոնը մի քանի վիրահատության է ենթարկվել աչքերի շլության պատճառով։ Բժիշկները նրան խորհուրդ էին տվել զերծ մնալ սպորտից։ Չնայած դրան և տարածությունը ճիշտ գնահատելու հետ կապված խնդիրներին՝ նա ոչ միայն շարունակեց ֆուտբոլ խաղալ, այլև հարձակվողի դիրքը փոխեց դարպասապահի։
Ճգնաժամ և վերադարձ
Եվրո-2022-ում նա Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ խաղացողն էր և Մերի Ըրփսի փոխարինողը։ Սակայն հաղթանակից հետո նրա կարիերայում անկում սկսվեց․ նա կորցրեց տեղը թե՛ ակումբում, թե՛ հավաքականում։
«Ես հասել էի մի կետի, երբ ուզում էի թողնել ամեն ինչ։ Փողոցով քայլելիս մարդիկ վիրավորում էին ինձ։ Ես մտածում էի՝ սա այն չէ, ինչի համար պայքարել եմ, ես պարզապես երիտասարդ աղջիկ եմ, ով ուզում է ֆուտբոլ խաղալ», — պատմել է Հեմփթոնը The Ben Foster Podcast-ում։
Փառահեղ 2025 թվականը
Ամեն ինչ փոխվեց 2025-ին։ «Չելսիի» կազմում նա դարձավ անփոխարինելի՝ մեկնարկային 24 խաղից մասնակցելով 23-ին։ Այս ֆորման ստիպեց Սարինա Վիգմանին վստահել նրան Անգլիայի դարպասը Եվրո-2025-ում։
Մրցաշարի ընթացքում Հեմփթոնը փայլեց․
- Նիդերլանդների դեմ (4-0)․ աչքի ընկավ ճշգրիտ երկար փոխանցումներով, որոնք հանգեցրին գոլերի։
- Քառորդ եզրափակիչ (Շվեդիա)․ հետ մղեց երկու 11-մետրանոց։
- Կիսաեզրափակիչ (Իտալիա)․ կատարեց 4 կարևոր սեյվ։
- Եզրափակիչ (Իսպանիա)․ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո 11-մետրանոց հարվածաշարում հետ մղեց Մարիոնա Կալդենտեյի և Այտանա Բոնմատիի հարվածները՝ հաղթանակ պարգևելով թիմին։
Մանկության տարիներին նրան արգելում էին ֆուտբոլ խաղալ, իսկ այսօր նա աշխարհի լավագույնն է։ Հեմփթոնի հեքիաթը դեռ նոր է սկսվում։