Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի Այշատ Բայմուրադովան կարող է թաղվել Հայաստանում

Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի Այշատ Բայմուրադովան կարող է թաղվել Հայաստանում որպես չպահանջված մարմին, քանի որ հարազատները չեն արձագանքում նրա մարմինը Ռուսաստան վերադարձնելու դիմումին, հայտնում է Дождь-ը՝ հղում անելով СК SOS ճգնաժամային խմբի տնօրեն Դավիթ Իստեևին։

Նշվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն կարող Այշատի մարմինը տրամադրել մարդու իրավունքների պաշտպաններին կամ ծանոթներին, քանի որ գործում այլ զոհեր չեն հայտնաբերվել։ ՀՀ իշխանությունները Այշատի հարազատներին ուղարկել են մարմինը վերադարձնելու դիմում, բայց նրանք դեռ չեն արձագանքել։

«Բայմուրադովայի ամուսինն ու հայրը, հավանաբար, նրան թաղելու ծրագրեր չունեն», – ասել են իրավապաշտպանները։ СК SOS-ի տվյալներով՝ Բայմուրադովայի մայրը, որից նա բաժանվել է մանկության տարիներին, նույնպես չի կարող պահանջել նրա մարմինը։

Հոկտեմբերի 19-ին Բայմուրադովայի մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել էր Երևանում վարձակալված բնակարանում։ Ենթադրվում է, որ Բայմուրադովան, այսպես կոչված, «պատվի սպանության» զոհ է դարձել։

Նոյեմբերի 3-ին բացահայտվել էր Բայմուրադովայի ենթադրյալ մարդասպաններից երկուսի ինքնությունը։ ՔԿ-ից հայտնել էին, որ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղրղզստանում ծնված Կարինա Իմինովան Չեչնիայում ծնված Սաիդ-Խամզատ Բայսարովի ուղեկցությամբ լքել էր այն բնակարանը, որտեղ գտնվել էր աղջկա մարմինը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկու երիտասարդն էլ կարողացել են առանց խոչընդոտի լքել Հայաստանը և պաշտոնապես չեն համարվում կասկածյալներ։

Leave a Comment