Եղոյան. Ոչ բոլոր ծնողներն են ծննդյան նպաստը ծախսում նպատակային՝ երեխայի կարիքների համար

Եղոյան. Ոչ բոլոր ծնողներն են ծննդյան նպաստը ծախսում  նպատակային՝ երեխայի կարիքների համար

16 դեկտեմբերի 2025 – 18:02 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե երեխայի ծնունդով պայմանավորված ֆինանսական աջակցությունը համահարթեցնելը, այն է՝ յուրաքանչյուր ծնված երեխայի համար ընտանիքին 500 հազար դրամ հատկացնելը, հակասոցիալական է, չի նպաստում երեխաների ծնելիության աճի խթանմանը, հայտարարել է, որ դա արվում է, որպեսզի երեխայի համար նախատեսված գումարը համաչափ ծախսվի:

«Մենք չենք ժխտի, չէ՞, որ ոչ բոլոր ծնողներն են, որ այդ գումարը վերցնում են, միանգամից ծախսում են նպատակային՝ հենց երեխայի կարիքների համար, հատկապես երբ խոսում եք 1 մլն դրամից: Հիմա այս 50 հազար դրամները հնարավորություն կտան, որ մարդնայդ գումարը համաչափ ծախսի երեխայի կարիքների վրա, ոչ թե իր կամ երեխայի հետ կապ չունեցող կարիքների վրա»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Եղոյանը նաև ասել է, որ չի հասկանում՝ ինչու է ընդդիմությունը բողոքում այս փոփոխությունից:

«Այսօր առաջին և երկրորդ երեխաները ստանում են միանվագ 300 հազար դրամ նպաստ: Այս փոփոխությունից հետո առաջին և երկրորդ երեխաները ստանալու են միանվագ 500 հազար դրամ նպաստ (ծնունդով պայմանավորված-խմբ.):

Երրորդ երեխայի համար միանվագը, այո՛, 1 միլիոնից դառնում է 500 հազար դրամ, բայց Կառավարությունը պարտավորվում է 6 տարի շարունակ ամսական 50 հազար դրամ նպաստ տալ երեխային, այսինքն՝ ավելի շատ, քան… այսինքն՝ ծրագիրը դառնում է մշտական,- ասաց պատգամավորը, ապա պարզաբանեց.- Ի հավելումն դրա՝ 6 տարվա ընթացքում 3,6 միլիոն էլ ստանում է: Այսինքն՝ անգամներով ավելի շատ, քան ընդդիմության ներկայացրած կրճատվող գումարը»,–ասել է պատգամավորը։

Խորհրդարանը քննարկում է նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է՝ քանի որ երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների համար աջակցության ծրագիրը դառնում է պետական նպաստ, ծննդյան միանվագ նպաստի չափերի հետ կապված ևս կատարել համահարթեցում՝ բոլորի համար սահմանելով 500 հազար դրամ:

Leave a Comment