Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզաբանել է պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի և թեմակալ առաջնորդի՝ եպիսկոպոսի անունների հիշատակության հիմնական ու կարևոր նշանակությունները:
Առաջին հերթին դա ծիսականն է, որով իր ամբողջության մեջ արտահայտվում է Սուրբ պատարագի խորհուրդը և Պատարագամատույցը՝ որպես եկեղեցու կողմից հաստատված պաշտոնական սրբազան մատյան: Ապա եկեղեցաբանական-կանոնական նշանակությունն է, որով հաստատվում է Սուրբ պատարագի հացի ու բաժակի շուրջ համախմբված տեղական համայնքը՝ իբրև ընդհանրական եկեղեցու մաս, որի հոգևոր առաջնորդն է եպիսկոպոսը, իսկ պատարագիչ քահանան կամ եպիսկոպոսն իր եկեղեցական-կանոնական միությունն է հաստատում Մայր Եկեղեցու և նրա առաջնորդի՝ եպիսկոպոսապետի հետ։
«Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում եպիսկոպոսի անվան հիշատակության առաջին վկայությունն առկա է Խոսրով Աձևացու՝ Հայոց եկեղեցու պատարագամատույցի մեկնության մեջ, դեռևս 10-րդ դարում։ Ըստ Խոսրով Անձևացու՝ եպիսկոպոսի անվան հիշատակությունը կարևոր է, քանի որ ուղղափառ վարդապետության տեսուչը եպիսկոպոսն է, և քահանան դրանով հաստատում է նրանից ստացած խորհրդական իշխանությունը և Սուրբ Պատարագն ուղղափառ վարդապետության համաձայն մատուցելը», – ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և եպիսկոպոսի անունների կամայական կամ դիտավորյալ զեղչումը, ինչպես նշվում է Էջմիածնի պարզաբանման մեջ, ոչ միայն ընդհանրական եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնին հակառակ է, այլև աղավաղում է ատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։
«Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի և առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են, իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից, մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը», – ընդգծել է Մայր Աթոռը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա նույնիսկ խոստովանել էր, որ այդ գործին կարող է նաև Ազգային անվտանգության ծառայությունը խառնվել:
Մայր Աթոռը դատապարտել էր կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների անունների զեղչումը:
