Հայկ Սեմերջյանի կենսագրությունը կարող էր լինել դասական «ամերիկյան երազանքի» օրինակ։ Նա ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում, ստացել փայլուն կրթություն Բոստոնի Suffolk համալսարանում, մասնագիտացել ֆինանսների և ներդրումների ոլորտում, ապա աշխատել Նյու Յորքի և Բոստոնի հեղինակավոր բանկային համակարգերում։ Սակայն գրասենյակային հաջողությունն ու կայունությունը Հայկի համար բավարար չեղան։ Հոգնելով կորպորատիվ միապաղաղությունից՝ նա որոշեց ժամանակավորապես դադարեցնել կարիերան ԱՄՆ-ում և «Դեպի Հայք» ծրագրի միջոցով գալ Հայաստան՝ փնտրելու այն, ինչը հնարավոր չէ գտնել օվկիանոսից այն կողմ։
«Սփյուռքի ձայնը» հաղորդման շրջանակում Հայկը անկեղծորեն պատմել է իր որոշման, հայկական իրականության հետ բախման և հայրենիքի «իրական շունչը» զգալու մասին։
Փախուստ համակարգչից դեպի մարդկային ջերմություն
Երեք տարի շարունակ օրական շուրջ 10 ժամ համակարգչի առջև անցկացնելը Հայկին ստիպեց վերաիմաստավորել իր առօրյան։ Ոգեշնչվելով քրոջ օրինակից, որը տարիներ առաջ նույնպես կամավորել էր Հայաստանում, Հայկը որոշեց անձամբ զգալ հայրենիքի զարկերակը։ Հայաստան գալով՝ նա սկզբում շարունակեց աշխատել իր մասնագիտությամբ՝ վենչուրային կապիտալի ոլորտում, սակայն շուտով հասկացավ, որ իրեն պակասում է կենդանի շփումը։ Այդպես ֆինանսիստ Հայկը հայտնվեց կերամիկայի արվեստանոցում՝ կավի հետ աշխատելու և մարդկանց հետ անմիջականորեն շփվելու համար։ «Ամերիկայում հաճախ բացակայում է այն հայկական անմիջականությունը, երբ կարող ես նոր ծանոթացած մարդու հետ 15–20 րոպե զրուցել, ընկերական սուրճ խմել։ Ես կարոտել էի հենց դա՝ մարդկանց հետ պարզ զրույցը, շփումը, որը հնարավոր դարձավ կավագործության միջոցով»,— ասում է նա։


Իրական Հայաստանը՝ հոգատարությունից մինչև բնապահպանություն
Հայկն ապրում է իր մոր հայրական տանը՝ շրջապատված այն նույն հարևաններով, որոնց ճանաչում են իր ծնողները։ Նրա համար բացահայտում էր հայաստանյան հարևանության ինստիտուտը, որտեղ մարդիկ ապրում են միմյանց հոգսերով ու ուրախություններով։ «Երբ հիվանդացել էի, հենց իմացան՝ սկսեցին ուտելիք ու թեյ բերել։ Կարևոր չէր՝ կվարակվեն, թե ոչ, նրանց համար առաջնայինը օգնելն էր։ Այս հոգատարությունն այն անփոխարինելի մասնիկն է, որը պահպանվել է ծնողներիս պատմած Հայաստանից»։ Սակայն «վարդագույն ակնոցներով» նայելու փոխարեն՝ Հայկը սթափ է գնահատում նաև խնդիրները։ Նա ցավով է նշում Երևանի օդի աղտոտվածության, մեքենաների առատության և հատկապես ծխելու տարածված մշակույթի մասին։ Համեմատելով ԱՄՆ-ի փորձի հետ՝ նա հույս է հայտնում, որ պետական ճիշտ քաղաքականության և հանրային իրազեկման դեպքում Հայաստանում ևս հնարավոր է փոխել իրավիճակը՝ հանուն մարդկանց առողջության։

Ինչո՞ւ «Դեպի Հայք»
Ըստ Հայկի՝ «Դեպի Հայք»-ը յուրահատուկ կամուրջ է, որը թույլ է տալիս սփյուռքահայ երիտասարդին ոչ միայն տեսնել Հայաստանը, այլև դառնալ դրա մի մասնիկը։ Կարևոր չէ՝ գիտես հայերեն, թե ոչ․ միջավայրն ինքնին սովորեցնում է և փոխանցում «հայկական շունչը»։ Նրա գլխավոր ուղերձը սփյուռքահայ երիտասարդներին հստակ է՝ հայրենասիրությունը հեռավորության վրա և հայրենիքում ապրելը տարբեր երևույթներ են։ «Դու կարող ես ուրիշ երկրում էլ պարել մեր պարերը, երգել նույն երգերը, բայց դա նույնը չէ, ինչ այստեղ ապրելը։ Երբ ապրում ես Հայաստանում, սկսում ես նկատել երկրի փոքրիկ մասնիկները, մանրուքները, և դրանց շնորհիվ ավելի ես սիրում ու հարգում այն։ Կարևոր է, որ բոլորը գան ու զգան այդ շունչը»։
Հայրենիք վերադառնալը միայն աշխարհագրական տեղափոխություն չէ։ Դա ճանապարհորդություն է դեպի ինքնություն, դեպի մարդկային պարզ ու անկեղծ հարաբերություններ, որոնք հաճախ պակասում են մեծ ու զարգացած մեգապոլիսներում։